ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բիզնես ծրագրերի մարկետինգային բաժնի ներկայացում Օձունում

01/07/2014
   
Լոռու մարզի Օձուն համայնքում տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացող ձեռներեցության դասընթացի մասնակիցների կողմից մշակվող բիզնես ծրագրերի մարկետինգային բաժնի ներկայացումը: Մասնակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց բիզնես գաղափարներն ու դրանց զարգացման նախագծերը, իրենց նախաձեռնության մրցակցային առավելություններն ու թույլ կողմերը:
Մասնակիցների բիզնես ծրագրերի ամփոփիչ ներկայացումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 10-ին:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Օձուն, Կարմիր Աղեկ և Մղարթ համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Ձեռներեցության դասընթացի նպատակն է` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ ամիս է, որն իր մեջ ներառում է բուն դասընթացներ, խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում: Դասընթացին մասնակցող կանայք հնարավորություն ունեն զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում