ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ախթալայում կայացավ տիկնիկային թատրոնի առաջին ներկայացումը

02/06/2014
   
Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում կայացավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հիմնված տիկնիկային թատրոնի առաջին` «Կարմիր գլխարկ» ներկայացումը:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Տիկնիկային թատրոն սոցիալական ձեռնարկությունն այն 6 ձեռնարկատիրական ծրագրերից մեկն է, որը 2014թ. ապրիլին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից արժանացավ ֆինանսական աջակցության` դրամաշնորհի:
Տիկնիկային թատրոնի նախաձեռնողներ Գայանե Պարանյանը, Գոհար Հարությունյանը և Հերմինե Մելիքսեթյանը ոգևորված էին ու հպարտ, որ իրենց գաղափարը կարճ ժամանակահատվածում կյանքի կոչվեց, և իրենց ջանքերը պսակվեցին հաջողությամբ:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Միքայելյանի հավաստմամբ` թեպետ խումբը դեռևս անվանում չունի և ճանաչված չէ, սակայն արդեն հրավերներ է ստացել Լոռու մարզի այլ համայնքներից:
«Շնորհակալ ենք Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային և Եվրամիությանը` մեզ ընձեռված այս հրաշալի հնարավորության համար: Շատ երկար ենք սպասել այս օրվան, շատ հուզված ենք և ուրախ, որ կայացավ մեր առաջին ներկայացումը: Հուսով ենք, որ մեր սոցիալական ձեռնարկությունը երկար կյանք կունենա, և մենք կկարողանանք ուրախություն պարգևել ոչ միայն Ախթալայի, այլև այլ համայնքների մանուկներին: Նրանց ժպիտն ու ծիծաղը մեր ամենամեծ հաջողությունն է»,- նշեց Կարմիր գլխարկի դերակատար Հերմինե Մելիքսեթյանը:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում