ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մեկնարկել է ձեռներեցության դասընթացը Օձունի համախմբի համայնքների կանանց համար

10/06/2014
   
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Օձուն համայնքում մեկնարկել է ձեռներեցության դասընթացը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Օձունի համախմբի` Օձուն, Մղարթ, Հագվի, Կարմիր Աղեկ համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ ամիս է, որն իր մեջ ներառում է բուն դասընթացներ, խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում:
Ձեռներեցության դասընթացների նպատակն է` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով: Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում