ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Թումանյանում ներկայացվեց Տեղական տնտեսական զարգացման մոդելը

27/05/2014
 
Թումանյանի մշակույթի տանը կայացավ Թումանյան քաղաքի և շրջակա Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը, որը մշակվել էր «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» մեթոդոլոգիայով:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչների և փորձագետների կողմից ներկայացվեցին համախմբի տնտեսության հիմնական և հեռանկարային ճյուղերը, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայնքների տնտեսական զարգացմանը:
Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա տվյալ համախմբում կազմակերպվելու են կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, ինչպես նաև շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի մշակումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիների գծագրման ճանապարհին. «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայնքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում