Մարզերի համայնքային խնդիրները լուծվելու են երիտասարդների ծրագրերի հիման վրա:
Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկեց Բրիտանական խորհրդի "ACTIVE CITIZENS" ծրագիրը, որում ներգրավված են Եղեգնաձոր, Վայք քաղաքներն իրենց շրջակա գյուղերով: Հայաստանում ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 60 երիտասարդներ, որոնցից միայն 30-ը կարող են ներգրավվել ծրագրի աշխատանքներում: Ըստ կազմակերպիչների` մարզում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն երիտասարդների ծրագրերով եւ մասնակցությամբ: Բրիտանական խորհրդի այս ծրագիրն արդեն իրականացվել է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի շուրջ 30 երկրներում:
Այսօր 60 երիտասարդները բաժանվեցին խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է վեր հաներ որեւէ խնդիր եւ առաջարկեր դրա լուծումը: Ըստ այդմ էլ` ավելի ակտիվներն անցնում են հաջորդ փուլ:
Բայց մինչ այդ նրանց տրվեց գլուխկոտրուկ, որը պետք է լուծեին միասին: Դա արվում էր խմբային աշխատանքի կուլտուրա եւ հոգեբանություն ձեւավորելու համար: "Նրանք այսօր արդեն ապացուցեցին, որ կարող են միասին աշխատել եւ իրենց հնարավորությունները ներդնել մարզի զարգացման գործում",- կարծում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքերով` հենց այս մարզն է ընտրվել, որովհետեւ այդտեղ համեմատաբար ավելի քիչ են միջազգային այն ծրագրերը, որոնց մասնակցում են նաեւ երիտասարդները:
Իսկ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, դրական գնահատելով ծրագրի դերը մարզում, նշեց, որ երիտասարդներին պետք է ասպարեզ տրամադրել: «Վայոց ձորն ունի էներգետիկ ռեսուրսներ` լեռնային գետեր: Այսօր երկրների հզորությունը որոշվում է էներգետիկ պաշարների միջոցով: Իսկ մեր ունեցածը պետք է կենսագործել երիտասարդների ու ակտիվ ձեռներեցների միջոցով»,- ասում է նա:
Նախքան ծրագրեր ներկայացնելը մասնակիցները կմասնակցեն դասընթացների, որոնց ընթացքում կսովորեն ծրագիր գրել եւ ներկայացնել, դրամաշնորհ ստանալ եւ այլն: Իսկ ծրագրի երրորդ փուլում կսկսվեն փոխայցելությունները, քանի որ նույն ծրագիրն իրականացվում է նաեւ Մեծ Բրիտանիայի նահանգներից մեկում եւ եվրոպական մի քանի երկրներում:
Հավելենք, որ ծրագրի հիմքում ընկած են աֆրիկյան "Ուբունտու" փիլիսոփայության սկզբունքները, այն է` "Ես կամ, որովհետեւ դու կաս, որովհետեւ մենք կանք":
Ծովինար Կարապետյան
Աղբյուրը։