ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ - Ստեղծագործություն՝ կնոջ աշխատանքի մասին

14/05/2010
ՄԱԿ—ի Հայաստանյան գրասենյակում ամփոփվեց «Կանայք աշխատանքային միջավայրում» նկարների եւ շարադրությունների մրցույթը, որն ընթանում էր ՀՀ տարբեր վայրերից շուրջ 200 երեխաների եւ երիտասարդների միջեւ։ Մրցույթի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ—ի մանկական հիմնադրամը. ծրագրին աջակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը։ Մրցույթի նպատակն էր խրախուսել 6—11—րդ դասարանների աշակերտներին եւ 1—ին կուրսի ուսանողներին՝ արտահայտել իրենց կարծիքն ու գաղափարները թեմայի առնչությամբ, թե ինչպես են նրանք ընկալում կնոջ դերը աշխատանքային միջավայրում։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալ երեխաներին խորհել եւ իրենց մտորումներով կիսվել բոլորի հետ. կա՞ն արդյոք աշխատանքներ, որոնք դիտարկվում կամ չեն դիտարկվում կանանց համար, արդյոք կանայք արդեն ամբողջովին դրսեւորե՞լ են իրենց աշխատանքային միջավայրում, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը։ ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին կարծում է, որ ՀՀ—ում, ցավոք, դեռեւս կա գենդերային անհավասարություն, եւ կանայք չեն կիրառում իրենց ներուժը։
Նկարչական մրցույթում առաջին տեղը գրավել էր «Ծխնելույզ մաքրող կինը» աշխատանքը (Լիլիթ Խալափյան, Երեւանի N 78 դպրոց,) երկրորդ տեղում էր «Կակաչների պար»—ը (Աստղիկ Ուլիխանյան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան), երրորդում՝ «Դժվարություններ հաղթահարող կանայք դեպի պայծառ ապագա»—ն (Նորա Գրիգորյան, Ա. Շիրակացու անվան ճեմարան)։ Շարադրություների մրցույթում առաջինից—երրորդ տեղերում են Ամալյա Թորոսյանը, Մարիամ Թաթարյանը (Սարուխան, Գեղարքունիքի մարզ) եւ Ազատուհի Խաչատրյանը (Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ)։ Նկատենք, որ բոլոր մրցանակակիրները աղջիկներ են։
Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

08-04-2010

Աղբյուրը
Share |

Կարդացեք այս բաժնում