ՀՀ Կին ձեռներեցների ցանց

youth.am-Կանայք աշխատանքային միջավայրում

07/05/2010
Ամփոփվել է «Կանայք աշխատանքային միջավայրում» պաստառների եւ շարադրությունների մրցույթը:
Այս տարվա փետրվար ամսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան», ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամը» եւ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարել էին Կանանց օրվան նվիրված պաստառի եւ շարադրության մրցույթ, որի իրականացմանն աջակցել էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:

Մրցույթի նպատակն էր խրախուսել 6-11-րդ դասարանների աշակերտներին եւ առաջին կուրսի ուսանողներին` արտահայտելու իրենց կարծիքն ու գաղափարները թեմայի առնչությամբ, այն է` թե ինչպես են նրանք ընկալում կնոջ դերն աշխատանքային միջավայրում: Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 200 պատանիներ եւ երիտասարդներ: Մեծ է եղել հատկապես մարզային մասնակիցների թիվը: Ինչպես նշում են կազմակերպիչները, ե՛ւ շարադրությունները, ե՛ւ պաստառները եղել են շատ բազմազան ու բազմաբնույթ:

Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ, հայտարարվել են հաղթողների անունները: Մրցանակաբաշխության ընթացքում մասնակիցներին ողջունելու էին եկել բոլոր կազմակերպիչները` «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին, «Խաղաղության կորպուսի» հայաստանյան կամավոր Քեյսի Վարհոլմ-Վոհլենհաուսը:

ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին, ողջունելով հաղթող երեխաներին ու կարեւորելով նմանաբնույթ մրցույթների անցկացումը, նշեց, որ, ցավոք, Հայաստանում դեռեւս կա գենդերային անհավասարություն, եւ կանայք իրենց ողջ ներուժը չեն դրսեւորում տարբեր ոլորտներում: «Խաղաղության կորպուսի» հայաստանյան կամավոր Քեյսի Վարհոլմ-Վոհլենհաուսն էլ նշեց, որ արդեն յոթերորդ տարին է, ինչ «Խաղաղության կորպուսն» ընդգրկված է նույնանման թեմայով մրցույթի գործընթացում, բայց այս տարի մրցույթն աչքի է ընկել բավականին մեծ թվով դիմորդներով եւ մարզերի լայն ընդգրկմամբ:

Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակակիրները ստացան պատվոգրեր, նվերներ: Իսկ մինչ այդ նրանք այցելել էին Մատենադարան:
Ուրախալի էր հատկապես այն, որ հաղթողների շրջանում կային երիտասարդներ ինչպես Երեւանից, այնպես էլ Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերից:

Ջուլիետ Առուշանյան

Աղբյուրը

Այս թեմայով տես նաև`
Share |

Կարդացեք այս բաժնում