ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ-"Եղեգնաձորի կանանց համար"

13/03/2010
Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացած բարեգործական ցուցահանդես—վաճառքը, որը նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, իր հասույթը կտրամադրի Եղեգնաձորի կանանց աջակցության կենտրոնի վերանորոգմանը։ Ցուցահանդեսին աջակցել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազմաթիվ կին գործարարներ, անհատներ, նվիրատվությունը հնարավոր է դարձել նաեւ վիճակախաղի միջոցով։ Երեկ ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց արդյունքները. «Մեզ համար դրանք գոհացուցիչ են. մենք հնարավորություն տվեցինք կին արտադրողներին համատեղվել եւ վաճառել իրենց արտադրանքը։ Սա առիթ էր նաեւ հանրությանը տեղեկացնելու արտադրության ոլորտում ներգրավված կանանց մասին։ Նպատակը, որ դրել էինք՝ գումարի հանգանակումն էր։ Թեկուզ խորհրդանշականորեն, այն եւս իր լուծումը գտավ։ Կարեւորը հանրության մասնակցությունն էր այս ծրագրին»։
Կանանց աջակցության կենտրոններն աշխատում են կանանց մի քանի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ. գործազրկության մեղմում (իրազեկման դասընթացներ, հանդիպումներ), մասնակցություն համայնքային կյանքին եւ առողջության պահպանում։ Վերանորոգումից հետո Եղեգնաձորի կենտրոնում բացվելու է նաեւ կարի արտադրամաս։ Նշենք, որ 2009—ի ապրիլից Ախթալայում եւ Երեւանում ասոցիացիան արդեն գործարկել է նման արտադրամասեր, որոնք շահույթ չեն հետապնդում եւ նպաստում են կանանց սոցիալականացմանն ու ինտեգրմանը։ Աջակցության կենտրոններ կարող են այցելել 13—40 տարեկան աղջիկներ եւ կանայք։
Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
11-03-2010
Աղբյուրը
Share |

Կարդացեք այս բաժնում