ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ալավերդիում ներկայացվեց Տեղական տնտեսական զարգացման մոդելը

22/04/2014
     
Ալավերդու մշակույթի տանը կայացավ Ալավերդի քաղաքի և շրջակա Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը, որը մշակվել էր «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» մեթոդոլոգիայով:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչների և փորձագետների կողմից ներկայացվեցին համախմբի տնտեսության հիմնական և հեռանկարային ճյուղերը (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, լեռնամետալուրգիա), մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայնքների տնտեսական զարգացմանը:
«ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայնքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը հպարտություն հայտնեց, որ նման ծրագիր է իրականացվում Լոռու մարզում` կարևորելով ծրագրի ընթացիկ արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև այն փաստը, որ ծրագիրը ներգրավել է այդքան մեծ թվով համայնքներ:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում