ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղեկատվական միջոցառում` ԶԼՄ ներկայացուցիչների համար

10/04/2014
     
Ախթալայում կայացավ ԶԼՄ-ների համար նախատեսված տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումներն ու արդյունքները:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ներկայացնելով «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) բաղադրիչը, նշեց, որ ծրագրի ձեռքբերումներից մեկը նաև ՏՏԶ բաղադրիչի իրականացման գործում ՀԵԿԱ-ի կողմից որդեգրված համախմբային (կլաստերային) մոտեցումն է: Այն հնարավորություն է ընձեռում համայնքին դիտարկել ոչ թե որպես առանձին օղակ, այլ հարակից համայնքների զարգացման համատեքստում` սահմանելով տեղական տնտեսական զարգացման մոտեցումները համախմբում ընդգրկված մյուս համայնքների համար ևս: «Այս պահին մենք ունենք 25 համայնք, որոնք ընդգրկված են ընդամենը երեք տեղական տնտեսական զարգացման ծրագրի մեջ այն դեպքում, երբ դրանց թիվը կարող էր լինել երեքը»,-հավելեց Լիլիթ Ասատրյանը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց 2014թ. փետրվարին Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան համայնքների համախմբում իրականացված Տեղական տնտեսական զարգացման ծրագրի արդյունքներն արտացոլող գրքույկը:
Անդրադարձ կատարվեց նաև ծրագրի հաջորդ` կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացման բաղադրիչին (ձեռներեցության դասընթացներ), որը հնարավորություն է տալիս կանանց, հետևելով ՏՏԶ ծրագրի շրջանակներում վերհանված առաջարկություններին, հիմնախնդիրներին և զարգացման հեռանկարներին, պահանջված ձեռներեցության հիմքեր դնել համայնքներում: Ձեռներեցության դասընթացի մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ծրագրերը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կարժանանան դրամաշնորհի:
Միջոցառման բանախոսներից էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և ծրագրի շահառուները՝ ձեռներեցության դասընթացներին մասնակցած կանայք, ովքեր կարևորեցին ծրագրի բաղադրիչների դերը` որպես Լոռու մարզի համայնքների զարգացման հզոր խթան:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Share |

Կարդացեք այս բաժնում