ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ավանդույթ դարձած համագործակցություն. Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոն - Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա

04/09/2011
   
Օգոստոսի 26-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» միացավ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»՝ օգնելու կառուցել Մուրադյան ընտանիքի տունը։

«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» և ՀԵԿԱ-ի համագործակցությունը արդեն դարձել է ամենամյա ավանդույթ, ավանդույթ, որն ուղղված է կենսական խնդիրների լուծմանը։
Այս անգամ ՀԵԿԱ-ն միացավ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում՝ օգնելու Մուրադյաններին կառուցել նրանց այդքան սպասված տունը։
Կառուցողական աշխատանքները շինհրապարակում լավ առիթ դարձան էլ ավելի ամուր դարձնել հարաբերությունները՝ միևնույն ժամանակ կառուցելով պարզ և մատչելի տուն, հետևաբար և հուսալի ապագա կարիքի մեջ գտնվող ընտանիքի համար։
«Կառուցելով տուն «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ` մենք ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ կանայք ոչ միայն օջախի պահապաններ են, այլև տուն կառուցողներ»,- ասում է խմբի անդամ Լիանա Դալլաքյանը։
Հետդարձի ճանապարհին խմբի բոլոր անդամները միաձայն կրկնում էին. «Մենք իսկապես չգիտեինք , թե ինչպիսի երջանկություն է ուրիշին օգնելը» ։

«ՀԵԿԱ-ի անդամների և անձամբ ինձ համար իսկապես հաճելի էր մասնակցել Մուրադյանների ընտանիքի տան շինարարական աշխատանքներին։ Մեր խումբը, որ բաղկացած էր 14-30 տարեկան աղջիկներից, շատ ոգևորված էր։ Բոլորն էլ ցանկություն հայտնեցին հետագայում ևս ներգրավվել նման աշխատանքներին։ Այս ձևով մենք ևս կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մեր երկրում բնակարանաշինության և կարիքի մեջ գտնվող ընտանիքներին աջակցելու կարևոր գործին»,-ասում է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը։

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին։
ՀԵԿԱ-ի նպատակն է խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհին, ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում։
ՀԵԿԱ-ի խնդիրներից են՝ նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց ու աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ազգային արժեքների պահպանմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ www.aywa.am

«Ֆուլեր Տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնելով տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fullercenterarmenia.org
Share |

Կարդացեք այս բաժնում