ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ավարտվեց Ձմեռային ճամբարը

08/02/2011
2011թ. հունվարի 14-ից 23-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող "Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպվեց ձմեռային ճամբար, որին մասնակցում էին 13-18 տարեկան 75 աղջիկ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
10 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցներին տրամադրվեցին գիտելիքներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության, շահերի պաշտպանության, ՀՀ կառավարման համակարգի և այլ թեմաներով: Կազմակերպվեցին բանավեճեր, մրցույթներ, "Ինչ, որտեղ, երբ" ինտելեկտուալ խաղ, "Իմ համայնքը" ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին յուրաքանչյուր մարզի ավանդույթները և բնորոշ առանձնահատկությունները:
Հունվարի 20-ին տեղի ունեցավ հանդիպում տարբեր ոլորտներ ներկայացնող և հաջողության հասած կանանց` Անուշ Եդիգարյանի, Կարինե Աճեմյանի, Դուստրիկ Մխիթարյանի, Խաչանուշ Հակոբյանի, Ալլա Լևոնյանի, Ասպրամ Կրպեյանի, Դորիս Վոգլի և Քերին Ռոբլիի հետ, ովքեր իրենց փորձով կիսվեցին մասնակիցների հետ: Ձմեռային ճամբարի ընթացքում ստեղծվեց 13-18 տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն ունեցան ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություններ:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

"Ծրաgրի շրջանակներում ստացա այնպիսի գիտելիքներ, որոնք դպրոցում չէինք անցնում՝ կամավորականություն, մասնակցություն: Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրեր պետք է շատ լինեն` տեղեկատվության մակարդակը բարձրացնելու համար":
Հարությունյան Աստղիկ, 16 տարեկան, Արարատի մարզ, գ.Այնթափ

"Սովորեցի լինել ակտիվ, աշխատել միասնական ու համախմբված: Հետևություն արեցի` երբեք չկասկածել սեփական ուժերին, հավատալ, ոչ թե հուսալ":
[i]Մաշակարյան Լուսինե, 16 տարեկան, Լոռու մարզ, ք. Սպիտակ


"Սովորեցի, թե ինչպես պետք է կազմակերպել սեփական աշխատանքը: Բարձրացավ ինքնագնահատականս, ավելացավ համարձակությունս: Ինձ համար վերաիմաստավորեցի խոսքի արժեքը: Հասկացա, թե ինչ է իսկական պատասխանատվությունը և թիմային աշխատանքը":
Թուխտարյան Սոսե, 16 տարեկան, ք. Երևան

"Ինձ համար այս ճամբարը դարձավ կյանքիս կարևոր և անմոռաց էջերից մեկը: Այս 10 օրերի ընթացքում այդ էջում գրանցվեց մի այնպիսի արդյունք, որով ես հպարտանում եմ ու ոգևորվում":
Մանուկյան Հասմիկ, 16 տարեկան, Արարատի մարզ, գ.Այնթափ

"Այստեղ ես եկա հագուստով լի 2 ճամպրուկով: Բայց այժմ ճամպրուկներս անհամեմատ ավելի ծանր են, քանի որ դրանց մեջ տանում եմ այն գիտելիքները, տպավորությունները, որ ստացել եմ այս 10 օրերի ընթացքում: Տանում եմ նաև այսքան կարճ թվացող 10 օրերի հաճելի հիշողությունները, որոնք երբեք չեմ մոռանա":
Հակոբյան Մարիա, 15 տարեկան, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան

"Իմ կարծիքը դրական է, տպավորություններս` անջնջելի. ես դրանք պահպանել եմ արել իմ հիշողության "ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՐԿԻՐ-2011՚"թղթապանակում, որն ուղղակի չի ջնջվում և վերջ": Շահվերդյան Մանե, 15 տարեկան, Արարատի մարզ, գ.Սուրենավան

"Իմ ներաշխարհում սերմանած դասերը փոքրիկ ծիլեր են տվել արդեն: Ես իմ մեջ զգում եմ երկրիս համար պիտանի և աջակից գործարար կին դառնալու մեծ ցանկություն և ձգտում: Շնորհակալություն ձեզ` իմ աշխարհայացքը փոխելու համար: Այս 10 օրվա ընթացքում ես այնքան շատ սիրեցի ձեզ, որ ինձ համար շատ դժվար է բաժանվելը":
Թամամավեյան Տաթևիկ, 17 տարեկան, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ

"Իմ տպավորություններն անմոռանալի են: Կարծես հեքիաթում լինեինք":
Ղուկասյան Հռիփսիմե, 14 տարեկան, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան

"Այս 10 օրը, որ ես անցկացրեցի այստեղ, կարծես մի գեղեցիկ երազ լիներ, որը տևում է 7 վայրկյան: Այստեղ սովորեցինք առաջնորդել, լինել կամավոր, պաշտպանել մեր շահերը, գրել ծրագիր, ձեռք բերեցինք բոլոր 11 մարզերից ընկերուհիներ, որոնց հետ կապը կշարունակենք ճամբարից հետո: Շնորհակալություն եմ հայտնում ՀԵԿԱ-ին և ԱՄՆ դեսպանատանը, քանի որ առանց նրանց չէինք կարողանա ստանալ այսքան գիտելիքներ:
Սիմոնյան Հռիփսիմե, 15 տարեկան, ք. Երևան

"Անկարելի է բառերով նկարագրել այն 10 օրերը, որոնք այնքան կարճ թվացին բոլորիս: Յուրաքանչյուր օր ուներ իր խորհուրդը, ամեն մի թեմա մեզ հնարավորություն էր ընձեռում զարգացնել մեր քաղաքացիական կրթության մակարդակը և առաջնորդական հմտությունները: Ես հասկացա, որ կինն իսկապես մեծ դեր ունի հասարակության մեջ, և որ մեզնից յուրաքանչյուրն էլ ունի առաջնորդ դառնալու պոտենցիալ, ունակ է համախմբել և առաջնորդել մարդկանց":
Մաշակարյան Լուսինե, 16 տարեկան, Լոռու մարզ, ք. Սպիտակ

"Ծաղկաձորյան հուշերը դեռ շատ երկար կուղեկցեն մեզ: Մենք այստեղ սովորեցինք կազմակերպված և միասնական աշխատել, սովորել և հանգստանալ միաժամանակ, և ամենակարևորը` ձեռք բերեցինք հրաշալի ընկերներ և իմացանք կանանց դերը հասարակության մեջ":
Օհանյան Անահիտ, 16 տարեկան, Լոռու մարզ, ք. Ալավերդի
Share |

Կարդացեք այս բաժնում