ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Սյուզի Կենտիկյանն օգնում է տուն կառուցել

31/07/2009
Հայազգի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հարվածների ուղղությունն այս անգամ դեպի տնազրկությունն էր: Միանալով Հայաստանում "Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին" նա օգնում էր կառուցել տուն անապահով ընտանիքի համար:

Նախօրեին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան` նախագահ Լիլիթ Ասատրյանի ղեկավարությամբ և WBA և WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը միացել են Հայաստանում "Ֆուլեր Տնաշինական Կենտրոն"-ին` կառուցելու Մարտիրոսյանների ընտանիքի հետ, Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում:

"Առաջին անգամը չէ, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան` Լիլիթ Ասատրյանի գլխավորությամբ միանում էր տնազուրկ ընտանիքներին իրենց կամավորական ներդրումով քաջալերելու, ինչպես նաև այլոց օրինակ ծառայելու: Եվ ահա նրանց նախաձեռնությամբ աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն ևս միացավ Հայաստանում "Ֆուլեր Տնաշինական Կենտրոն"-ին կառուցելու` այս անգամ իր ուժը ներդնելով հայրենիքում տնազուրկ ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու մենամարտում", - հայտնեցին կենտրոնի մամուլի ծառայությունից:

"Ես ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ կերպ օգտակար լինել տնազուրկ ընտանիքներին… շատ կուզեմ, որ նրանք շուտ վերջացնեն շինարարությունը և տեղափոխվեն նոր տուն", - ասել է Սյուզին:

Չեմպիոնուհին` քրոջ և ԱՄՆ-ի Հյուսիային Հոլիվուդից ժամանած պապիկի հետ, ինչպես նաև ՀԵԿԱ-ի 15 հոգանոց կամավորների խումբը օգնել են Մարտիրոսյանների ընտանիքին իրականացնել բետոնացման աշխատանքեր:

"Մենք հզոր ենք, քանի որ Լիլիթի պես փափկասուն տիկնայք կամավորում են մեզ հետ` ծրագրից-ծրագիր իրենց լուման ներդնելով մեր ընտանիքների բարօրության համար: Առավել ևս հզորանում ենք, երբ այսպիսի աշխարհահռչակ մարզիկ` Սյուզի Կենտիկյան է կանգնում մեր կողքին և աշխատում կարիքավոր ընտանիքի հետ", - ասել է Արմեն Ավետիսյանը` Հայաստանում "Ֆուլեր Տնաշինական Կենտրոն"-ի գործադիր տնօրենը, - "Վստահ եմ, որ նրա հետ մենք կհաղթենք տնազրկության դեմ մենամարտում":

Մարտիրոսյանների ընտանիքը տուն կառուցելու հնարավորություն ստացել էր դեռևս տարիներ առաջ, ստանալով հողակտոր, սակայն շինարարական աշխատանքները սկսել և միանգամից ավարտին հասցնել փականագործի աշխատավարձով գրեթե անհնար է: Նա միայն կարողացել էր պատերը կանգնեցնել և դեռ չգիտեր, թե քանի տարի կպահանջվեր սեփական տուն ունենալու երազանքն իրականացնելու համար:

"Երբ նման մարդիկ սկսեցին մեզ օգնության ձեռք մեկնել շինարարական աշխատանքների ընթացքում` մենք ասես վերածնունդ ապրեցինք: Անչափ շնորհակալ ենք բոլորից….", - ասում է Սարգիսը:

"Ֆուլեր Տնաշինական Կենտրոն"-ը աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցելու և վերանորոգելու ապահով, պարզ և մատչելի տներ` նրանց տրամադրելով երկարաժամկետ անտոկոս փոխառություն: Ամենամսյա ետվճարներով կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով` այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք:

Այս տարի կազմակերպությունը նպատակ ունի աջակցել 100 ընտանիքների:

Աղբյուր` Panorama.am
Share |

Կարդացեք այս բաժնում