17.08.2009, 14:48
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնած «Կանանց առաջնորդության զարգացում» խորագրով ամառային դպրոցն արդեն մեկնարկել է: Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը բացման արարողությունից հետո ասաց, որ դպրոցը նվիրված է մեր երկրի կանանց առաջնորդական հմտությունների զարգացմանը:
«Առաջնորդություն ասելով մենք չենք հասկանում քաղաքական իմաստը: Առաջնորդությունը տարբեր բնագավառներում կարող է լինել և դրսևորվել համայնքի մակարդակում, հասարակական կյանքում, որպեսզի կինն, իր կարողությունները հաշվի առնելով, կարողանա ուժերն օգտագործել այն ոլորտում, որտեղ կարողանում է», - ասաց նա:
Ըստ Լ. Ասատրյանի, կարևոր է այն գիտակցումը, որ հնարավոր է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, և առաջնորդ լինել չի նշանակում, որ զոհում է իր ընտանիքը` հանուն այլ արժեքների:
«Դասընթացը բազմաբնույթ է` սկսած առողջության պահպանումից մինչև հանրային ելույթ: ՀՀ կառավարման համակարգն է մեծ տեղ կազմում, որպեսզի կինն իմանա, թե ինչպե՞ս է կառավարվում իր երկիրը: Այդ շրջանակում մասնակիցները հանդիպելու են մեր երկրում դերակատարում ունեցող նշանավոր կանանց հետ, ինչն էլ կոգևորի նրանց որպես ապագա առաջնորդներ», - նշեց ասոցիացիայի նախագահը:
18-30 տարեկան 20 աղջիկներ և կանայք շուրջ 11 օր Երևանում և Հանքավանում կփորձեն ամրապնդել առաջնորդի «ի վերուստ տրված ջիղը», ինչպես նաև կընդգրկվեն ասոցիացիայի ցանցում` հետագայում իրենց ներդրումն ունենալու համար:
Լ. Ասատրյանը վստահ է, որ կինը կարող է իր դիրքն ունենալ, պարզապես ըստ նրա, կնոջը խանգարում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: «Բայց եթե կինն իրեն համարում է առաջնորդ, գտնում է, որ կարող է իր ներդրումն ունենալ որևէ երևույթի բարելավման մեջ, ուրեմն` ինքն ունի այդ առաքելությունը», - համոզված է Լիլիթ Ասատրյանը:
Նա նաև չի կարծում, թե հայ հասարակությունը պատրաստ չէ ընդունել կին առաջնորդի և հիշեցրեց երկու կին նախարարներին, ԱԺ պատգամավորներին, ինչպես նաև այն, որ դեռևս 1920-ականներին հայ կանայք ընտրելու իրավունք ունեին, այնինչ Եվրոպայում այդ մասին խոսք անգամ չկար:
Ամառային դպրոցի մասնակիցները ոգևորված են և նշում են, որ սա ևս մեկ հնարավորություն է` զարգացնել իրենց մեջ առաջնորդի կարողությունը:
«Շատ տպավորված եմ, կարծում եմ բուռն կանցնեն դասընթացները: Պատկերացնում եմ թաքնված շատ հզոր ու կայուն ուժ, որը նաև մեզ է փոխանցվելու: Մասնակցում եմ, որպեսզի ավելի ամրապնդեմ առաջնորդի իմ ջիղն ու ավելի օգտակար լինեմ հետագայում կառավարման համակարգում», - ասաց դպրոցի մասնակից, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակչուհի Անի Շահբազյանը:
Նշենք, որ ՀԵԿԱ-ն հիմնադրվել է 2004թ.-ի մարտին, նպատակն է` խթանել երիտասարդ կնոջ դերի բարձրացումը քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհին` տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:
Աղբյուրը








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն