ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բոլորը պետք է տեղյակ լինեն

26/11/2008
'Նաև տղամարդիկ պետք է տեղյակ լինեն երիտասարդ կանանց խնդիրներին'

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հիմնադրվել է 2004 թվականին: Կառույցն իր մասնաճյուղերն ունի Լոռու և Վայոց ձորի մարզերում և հետագա ռազմավարության մեջ ծրագիր ունի ընդլայնել այդ ցանցը: ՙՄենք, դուք, նրանք՚ երկշաբաթաթերթը զրույցի է հրավիրել ասոցիացիայի նախագահ ԼԻԼԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ:

-Սկսենք երիտասարդական այս կառույցի ստեղծման նախապատմությունից: Ի՞նչ առաքելությամբ է ծնունդ առել այն:

-Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ստեղծվել է իմ նախաձեռնությամբ: Ինձ միացել են մի խումբ երիտասարդ կանայք և աղջիկներ, ովքեր կիսել են մեր գաղափարներն ու մոտեցումները, որոնք բխում են հասարակական կյանքում առկա հիմնախնդիրներից:

-Մասնավորեցրեք, խնդրեմ, թե՜ գաղափարները և թե՜ խնդիրները:

-Մենք խնդիր ենք դրել բարձրացնել երկրում երիտասարդ կնոջ դերը հասարակական, սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Ճիշտ է, երկիրը կարող է ստեղծել համապատասխան պայմաններ կնոջ հասարակական-քաղաքացիական գործունեության համար: Բայց… Ես՝ որպես կին, այստեղ մտավախություն ունեմ. կինն ինքը պատրա՞ստ է ներգրավված լինել այսպիսի գործունեության մեջ, արդյոք նա իրեն տեսնո՞ւմ է ընտանիքից դուրս` հասարակական այս կամ այն ասպարեզում: Չհեռանալով բնությունից իրեն տրված դերից ու կոչումից` ընտանիքի կին, մայր, ցանկանո՞ւմ է զբաղվել հասարակական գործունեությամբ, կարո՞ղ է ժամանակ գտնել դրանով զբաղվելու համար: Մեր նպատակն է կնոջը հնարավորություն տալ` հասկանալու քաղաքացիական հասարակության մեջ իր դերի ու մասնակցության կարևորությունը և ընտրությունը թողնել նրան: Կինն ինքը կորոշի` ստանձնե՞լ նման դեր, թե՞ ոչ: Եվ ոչ թե հակառակը. ունենալ պայմաններ և արհեստականորեն կնոջը մղել դրան:

-Ի՞նչ աղերսներ ունի Ձեր գլխավորած կառույցի գործունեությունը պետական երիտասարդական քաղաքականության հետ:

-Այդ առնչությունն առկա է ոչ միայն որպես հասարակական կազմակերպություն, այլև այնքանով, որ ինքս եմ ժամանակին ձեռնամուխ եղել այդ քաղաքականության մշակմանը և լավատեղյակ լինելով երիտասարդական հիմնախնդիրներին` դրանք տեղափոխել եմ այստեղ: Մեկ այլ առնչություն. չնայած կազմակերպության անվանմանը, որը ենթադրում է երիտասարդ կանանց խնդիրներին նպատակաուղղված գործունեություն, պետք է փաստեմ, որ մեր ծրագրերը միայն դրանց չեն միտված, այլ ընդհանրապես երիտասարդության խնդիրներին: Սա մեր աշխատանքի սկզբունքն է: Մենք կարծում ենք, որ լիարժեք առողջ հասարակություն ունենալու համար հնարավոր չէ հասնել հաջողության` միայն կանանց հետ աշխատելով: Ցավոք, այսօր, բավականին շատ են այնպիսի հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը ներառում է զուտ կանանց խնդիրները. ընդ որում, նրանց կողմից իրականացվող ծրագրերը վերաբերում են հենց քաղաքացիական կրթությանը՝ դասընթացներ, քննարկումներ, և ստացվում է այնպես, որ դրանց միայն կանայք են մասնակցում և խոսում են միայն իրենցխնդիրներից: Մինչդեռ երիտասարդությունն ընդհանրապես, այսինքն` նաև տղամարդիկ, պետք է տեղյակ լինեն, թե ինչ խնդիրներ ունեն կանայք: Մենք աշխատում ենք համագործակցության եզրեր գտնել նաև այլ ՀԿ-ների հետ, սակայն մեր ծրագրերում առաջնորդվում ենք երիտասարդ տղամարդկանց նույնպես ներառելու սկզբունքով:

-Ձեր գործունեության մեջ կա՞ մի ոլորտ, որը սեռային իմաստով առանձնահատուկ է, զուտ ՙկանացի՚:

-Թերևս ունենք նման մի ոլորտ, և դա առողջապահության ոլորտն է: Ծրագիրը վերաբերում է երիտասարդ կանանց վերարտադրողական առողջության խնդիրներին: Կազմակերպում ենք դասընթացներ, հրատարակել ենք գրքույկներ` օգնելու կնոջը հետևել իր առողջությանը, զննել իրեն մինչև բժշկի հասնելը: Հայ կինը, հայ մայրն իրեն նվիրում է ընտանիքին և վերջում միայն մտածում է իր մասին: Իսկ կրծքագեղձի քաղցկեղն այսօր շատ մտահոգիչ է դարձել, և կարևոր է դրա վաղ կանխարգելումը: Իրազեկման ծրագրերով մենք փորձում ենք սովորեցնել երիտասարդ կանանց` ինչպես չարիքի դեմն առնել հնարավորինս վաղ: Առողջապահական ծրագրերում մենք հատուկ ուշադրություն ենք արժանացնում հանրապետության հեռավոր բնակավայրերին, ուր բժշկական ծառայությունները դժվար հասանելի են, տեղեկատվություն ստանալու հնարավորությունը` սահմանափակ:

-Ո՞րն է ՀԿ-ի աշխատանքի արդյունավետության ցուցանիշը:

-Մեր ծրագրերի արդյունավետությունը գնահատում ենք մի շարք ցուցիչներով, որոնք ինքներս ենք մշակել: Այդ մասին խոսում են արտաքին ազդակները. որքան շահառուներ են օգտվում մեր ծրագրերից, որքանով են նրանք դրականորեն արտահայտվում դրանց մասին` իրենց հետ բերելով նոր շահառուներ, որքանով են հետագայում շարունակում օգտվել նման ծրագրերից: Մարզերում ունենք մեր կառույցի կենտրոնները և մտադիր ենք ընդլայնել այդ ցանցը` երիտասարդական այս կենտրոնների դերը դիտարկելով չափազանց կարևոր և օգտակար մարզային երիտասարդության կյանքում: Այս կենտրոններում երիտասարդները ոչ միայն որոշակի գիտելիքներ են ստանում, այլև կարողանում են անցկացնել իրենց ազատ ժամանակը, հագուրդ տալ իրենց ժամանցային հետաքրքրություններին, ինչն իր հերթին կարող է երիտասարդին կապել իր համայնքին, իր բնակավայրին:

-Կարծեք թե ժամանակն է խոսել Ձեր մշակութային ծրագրերի մասին:

-Տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդությունը (հատկապես գյուղական) իր բնակավայրը լքում է թեև առաջին հերթին սոցիալական պատճառներով, սակայն մեծ է նաև մշակութային ինտեգրման բացակայության ազդեցությունը: Մենք փորձում ենք մեր ծրագրերով լրացնել այդ բացը: Հիմնել ենք տիկնիկային թատրոն` երիտասարդ թատերական գործիչների մասնակցությամբ: Թեև նրանք այս գործը սկսեցին սիրողական մակարդակով, սակայն գաղափարն ընդունելով և մեր ծրագիրը հավանելով` աստիճանաբար մեզ միացան մասնագետներ, իսկ նրանք, ովքեր մասնագետ չէին, վերապատրաստվեցին, և այսօր մեր տիկնիկային թատրոնի անձնակազմը ոչ միայն երիտասարդ է, այլև պրոֆեսիոնալ: Շրջելով մարզերում և բավարարելով երիտասարդության մշակութային պահանջները` մենք փորձում ենք մշակութային տարրը համադրել կրթական տարրի հետ: Հեքիաթներում փոփոխվում են` ներառելով քաղաքացիական հասարակության տարբեր բաղադրիչներ. մերթ մարդու իրավունքները, մերթ երեխայի կամ կնոջ իրավունքները: Այդպիսով միանգամից երկու խնդիր է լուծվում. գեղագիտական բավարարվածության հետ մեկտեղ երիտասարդները նաև որոշակի գիտելիքներ են ստանում:

-Բոլոր դեպքերում մեր ժամանակների գլխավոր խնդիրը ՙհացիվ՚-ն է: Սեփական երկրում սեփական վաստակի հնարավորությունը երիտասարդության համար էլ երկրի համար էլ առաջնային և կարևորագույն խնդիր է: Կարո՞ղ եք մատնանշել սույն խնդրի լուծմանն ուղղված որևէ ծրագիր:

- Ե՜վ մայրաքաղաքում, և՜ մարզերում մեր ասոցիացիան կազմակերպել է դասընթացներ, որոնք իրականացնում են մեր ՀԿ-ի անդամները, ովքեր իրենց հերթին համապատասխան դասընթացներ են անցել և որակավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք երիտասարդներին սովորեցնում ենք` ինչպես իրականացնել բիզնես: Արդյունքում այս ծրագրի մասնակիցները ոչ միայն գիտելիքներ են ստանում բիզնեսի վերաբերյալ, այլև հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց բիզնես պլանները, որոնցից հաջողվածները մեր միջամտությամբ և երաշխավորությամբ վարկավորվում են, ստանում են դրամաշնորհներ, և դրանք այս կամ այն մարզում կյանքի են կոչվում: Տեղում գործունեություն ծավալելով` բիզնեսը յուրացրած երիտասարդը զարգացնում է այն` ընդգրկելով նաև այլ երիտասարդների: Այդպիսի բազմաթիվ ծրագրեր ունենք, և պետք է նշեմ, որ դրանց թիվը գնալով ավելանում է:

-Ի՞նչ միջոցներով եք իրազեկում երիտասարդությանը Ձեր ծրագրերի մասին:

-Դրանց առաջին տարածողները մեր երիտասարդական կենտրոններն են, որոնք այդ ուղղությամբ աշխատանք են տանում կամավոր սկզբունքներով: Իրազեկման միջոց են նաև զանգվածային լրատվամիջոցները, տվյալ դեպքում` ՙՄենք, դուք, նրանքը՚։ Ունենք նաև ինտերնետային էջ, որն այժմ վերապատրաստման-վերագործարկման փուլում է. որոշ ծրագրեր թարմացվում են, կատարվում են կառուցվածքային որոշ փոփոխություններ։
Երիտասարդությանը մնում է հետևել և ակտիվ լինել։

Զրուցեց Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Share |

Կարդացեք այս բաժնում