2007թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպել էր “ՀՀ-ում սոցիալական համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում” թեմայով կլոր սեղան-քննարկում:
Կլոր սեղանի նպատակն էր` քննարկել ոլորտում առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, փորձել տալ դրանց հնարավոր լուծումները, մշակել հետագա քայլերը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, կլոր սեղանի կազմակերպիչ Լիլիթ Ասատրյանը բացման խոսքում ընդգծեց սոցիալական համագործակցության զարգացման, դրան նպաստող պետական քաղաքականության և մեխանիզմների մշակման ու գործարկման անհրաժեշտությունը: Ներկայումս ՀՀ-ում կատարված են որոշակի քայլեր սոցիալական համագործակցության կայացման ուղղությամբ: Դրա գրավականներից են ԱՀՌԾ շրջանակներում մշակված Սոցիալական համագործակցության ինստիտուտի զարգացման հայեցակարգի նախագիծը, “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի շրջանակներում ձևավորված շահառուների խմբի գործունեությունը, հասարակական բազմաթիվ կազմակերպությունների համագործակցությունը պետական, միջազգային ու բիզնեսի ոլորտը ներկայացնող կառույցների հետ: “Մենք կարծում ենք, որ սոցիալական համագործակցության հիմնահարցի լուծումը մեր երկրում պետք է իրականացվի տարբեր իրավական փաստաթղթերի առկայության պայմաններում` խրախուսելով համագործակցությունը հասարակության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև”, - նշեց Լ.Ասատրյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք բոլորն էլ ընդգծեցին հանդիպման կարևորությունը: Մասնակիցներին ողջունեցին նաև ԱԺ պատգամավորներ տիկին Հերմինե Նաղդալյանը և պարոն Արտակ Դավթյանը:
Զեկույցներով հանդես եկան` “Հազարամյակի Մարտահրավերներ – Հայաստան” ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը` “Քաղաքացիական հասարակությունը “Հազարամյանկի մարտահրավերներ հիմնադրամ” ծրագրում” թեմայով, “Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության” ՀԿ Ծրագրի ղեկավար Նունե Պեպանյանը` "Սոցիալական համագործակցությունը ՏԻՄ-ի մակարդակում" թեմայով, քաղաքագետ Արտակ Զաքարյանը` “Սոցիալական համագործակցության մեխանիզմները, որպես քաղաքական համակարգի խթան” թեմայով և “Թռիչք” ՀԿ-ի նախագահ Հովհաննես Նիկողոսյանը` “Համագործակցության մեխանիզմները և բիզնեսի կորպորատիվ քաղաքացիություն” թեմայով:
Զեկույցների ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել փորձագետներին, մասնակցել ծավալված քննարկմանը: Մասնակիցների և զեկուցողների կողմից հույս հայտնվեց, որ ապագայում կգտնվեն ոլորտում առկա հիմնախնդիրների համապատասխան լուծումներ` ի շահ ՀՀ-ում սոցիալական համագործակցության կայացման: