ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ «ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐ»

15/05/2015
   
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը ս.թ. հունիսի 8-ից 11-ը հայտարարում են Կին ձեռներեցների երևանյան շաբաթ ՝ հագեցած տարբեր միջոցառումներով:
Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կկազմակերպվի «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org):
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM) Հայաստանի ներկայացուցիչն է:
«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը կկայանա 2015թ. հունիսի 8-11-ը, Երևանում:
«Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
  • Գործարար համաժողով
  • Այցելություն հայաստանյան արտադրողներին
  • Ցուցահանդես էքսպո՝ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու հնարավորությամբ
  • Բիզնես-բիզնես հանդիպումներ
  • Կին արվեստագետների ցուցահանդես
  • Մշակութային ծրագիր՝ Հայաստանը օտարերկրյա մասնակիցներին լավագույնս ներկայացնելու համար

Միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա նաև 2011թ-ից ի վեր կազմակերպվող «Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը, որը կին ձեռներեցներին ուղղված խրախուսական միջոցառումներից մեկն է՝ կազմակերպվող Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների կողմից:
«ՀՀ Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել ՀՀ-ում ձեռներեցության ոլորտում գործունեություն ծավալող այն կանանց, ում փորձառությունն օրինակելի է, և ովքեր, տնտեսական հաջող գործունեություն իրականացնելու հետ մեկտեղ, ակտիվ մասնակցություն են ունենում նաև հասարակական կյանքում:
Միջազգային համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկել նաև կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված հարցեր:
Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ:
«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր խոշոր ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը ևս կարող է բերել համագործակցության» ,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Համաժողովին հրավիրված են մասնակցելու հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM), որի հովանու ներքո է անցկացվելու կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Լաուրա Ֆրատի Գուչին է:
Համաժողովի կազմակերպիչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախաձեռնությամբ 2011թ. ստեղծված ՀՀ Կին ձեռներեցների ցանցը այսօր միավորում է շուրջ 300 ձեռներեց կանանց ՀՀ տարբեր մարզերից: ՀԵԿԱ-ն ՀՀ Կին ձեռներեցների ցանցի միջոցով խրախուսում և ապահովում է գործարար կանանց միջև կապերի հաստատումը Հայաստանում և արտերկրում:
Նախատեսվում է, որ Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հրավերով Հայաստան կժամանեն Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Լաուրա Գուչին, Քուվեյթի արքայադուստրը, ով Արաբ կին ձեռներեցների ասոցիացիայի նախագահը և աշխարհի ազդեցիկ 100 կանանցից մեկն է, ինչպես նաև Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահության այլ անդամներ, ովքեր հաջողության հասած ձեռներեցներ են տարբեր, այդ թվում նաև վերականգնվող և այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Share |

Կարդացեք այս բաժնում