ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն ներկայացրեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ արդյունքները

12/03/2015
 
Ս.թ. մարտի 11-ին, Ախթալայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին տեղեկատվական միջոցառում` ԶԼՄ ներկայացուցիչների համար: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումները և միասին նշել Կանանց միջազգային օրը: Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետը և Ախթալայի քաղաքապետը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 62 բիզնես ծրագիր,որից 12-ը՝ խմբային: Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել են դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով:
Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը երեխաներին և հյուրերին ներկայացավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ: Սա դրական գնահատականի արժանացած սոցիալական ձեռներեցության ծրագիր է, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցների: Մասնավորապես, Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայքնում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատանային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար/կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին` սարքավորումներ գնելու և խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի 10 համայնքներում՝ Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան, Աքորի, հիմվել և արդեն իսկ ակտիվ գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Share |

Կարդացեք այս բաժնում