ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՇՈՒՆՉ. ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՎ» ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

08/05/2013
Մայիս 8-18, Օդեսա, Ուկրաինա
Ստեղծագործական աշխատաժողովը կազմակերպվում է «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ) և Վրաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի, «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Մշակութային աշխատաժողովին կարող են մասնակցել անհատներ և ստեղծագործական խմբեր Հայաստանից, Հարավային Ուկրաինայից և Վրաստանից:

Անցկացման վայրը` Ա. Վ. Բլեշչունովի անվան համայնքային թանգարան
Ա. Վ. Բլեշչունովի անվան համայնքային թանգարանն Օդեսայի ամենաերիտասարդ թանգարաններից մեկն է, որը բաց է այցելուների համար 1989 թվականից։ Թանգարանը կրում է արվեստասեր և մեծ հավաքածու ունեցող Բլեշչունովի անունը: Նա քաղաքի թանգարանին է նվիրաբերել իր հավաքածուն, ինչն էլ դարձել է թանգարանի հիմքը։ Թանգարանի յուրահատկությունը նրանում է, որ այն պահպահում է իր մեջ «կենցաղային հավաքածուի» սկզբունքը։ Ցուցադրության կոնցեպտը հիմնված է աշխարհագրական սկզբունքի վրա, ինչի շնորհիվ թանգարանում շրջելը դառնում է մի հետաքրքիր շրջագայություն։
Թանգարանի մասին` http://bleschunov.livejournal.com/;
http://vk.com/id27168306;http://www.facebook.com/bleschunov:

Ստեղծագործական աշխատաժողովի հիմնական թեման՝ «Կոլաժ»
Կոլաժը մուտք է գործել արվեստի բնագավառ` որպես փորձ ֆուտուրիստների և կուբիստների կողմից։ Այն ժամանակներում կոլաժի համար օգտագործում էին թերթեր, լուսանկարներ և թղթեր։ Այսօր կոլաժն արվեստի բնագավառում առանձին և ինքնուրույն ուղղություն է։ Կոլաժը նաև օգտագործվում է ֆիլմերում` կինեմատոգրաֆների կողմից: Սերգեյ Փարաջանովն այն հայտնի կինեմատոգրաֆներից է, ով օգտագործել է այդ տեխնիկան ֆիլմերում։ Կոլաժի տեխնիկան օգտագործած այլ հայտնի արվեստագետներից են Մաքս Էռնստը, Ջոն Հարթֆիլդը և Ալեքսանդր Ռոդչենկոն։

Ստեղծագործական աշխատաժողովի կոնցեպտը՝ «Թանգարան-Կոլաժ, կոլաժը թանգարանում», կապվում է Բլեշչունովի` ամբողջ աշխարհից հավաքած հավաքածուի հետ, որը նա հավաքել է միայնակ և ստեղծել է մեկ վայր` այդ ամբողջը պահպանելու համար։

Երեք երկրների մասնակիցները պետք է ուսումնասիրեն թանգարանը և դրա հիման վրա ստեղծեն կոլաժներ։ Կոլաժները պետք է արտացոլեն ժամանակակից Օդեսայի կյանքը` հիմնվելով մշակութային հնագույն արժեքների վրա։ Այդ նպատակով մասնակիցները պետք է «արշավեն» Օդեսա, հավաքեն կոլաժների համար նյութեր (ամսագրեր, թերթեր, հայտարարություններ, լուսանկարներ և այլ օբյեկտներ, որոնք կարող են դառնալ կոլաժների բաղադրիչներ և ներկայացնել ընտրված թեման):

Ստեղծագործական աշխատաժողովի վերջնական ներկայացումը տեղի կունենա Թանգարանային գիշերը` 2013թ. մայիսի 18-ին, Ա. Վ. Բլեշչունովի անվան համայնքային թանգարանում։

Մասնակիցների թիվը` յուրաքանչյուր երկրից 5 մասնակից, ընդամենը` 15 մասնակից:

Ստեղծագործական աշխատաժողովին մասնակցելու համար յուրաքանչյուր երկրից կընտրվեն 5 մասնակիցներ. այս անգամ մասնակիցների քանակն ավելի քիչ է` թանգարանի փոքր տարածքի պատճառով:
Յուրաքանչյուր երկրից կլինեն նկարիչների, դիզայներների, ճարտարապետների, լուսանկարիչների խմբեր: Նախապատվությունը կտրվի փորձառու դիմորդներին և նրանց, ովքեր տիրապետում են կոլաժի տեխնիկային:

Մասնակիցների խումբը պետք է ձևավորվի մինչև 2013 թ. ապրիլի 15-ը:
Դիմորդները պետք է ուղարկեն իրենց անձնական թերթիկները (CV), աշխատանքների օրինակները և լրացված հայտերը հետևյալ էլ. հասցեներին` info@aywa.am և culture@i.ua:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` ապրիլի 10, 2013թ.:
Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Share |

Կարդացեք այս բաժնում