ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանում հունվարի 14-ին աղջիկների ձմեռային ճամբար է մեկնարկում

12/01/2011
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ""Աղջիկների երկիր" շարժման հիմնադրումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում հունվարի 14-23-ը Ծաղկաձորում 13-18 տարեկան աղջիկների համար ձմեռային ճամբար կկազմակերպվի, տեղեկացրել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

"Նախորդ տարվա սեպտեմբերին մեկնարկած ծրագիրն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ մեր երկրում դաստիարակել պատասխանատու քաղաքացիների: Ծրագրին կմասնացկի 77 աղջիկ՝ 7-ական հանրապետության մարզերից և յոթը մայրաքաղաքից", - չորեքշաբթի լրագրողներին ասաց Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ ծրագիրը նպատակ ունի նաև բարձրացնել գեղեցիկ սեռի պատանի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը Հայաստանում կառավարման համակարգի, ժողովրդավարության, իրենց իրավունքների և պարտավորությունների մասին, ամրապնդել վստահությունը, երկրով հպարտությունն ու սերը:

"Բացի այդ, ծրագրի ևս մեկ նպատակն է կապեր հաստատել Երևանում և մարզերում բնակվող աղջիկների միջև, ինչի արդյունքում նրանք կկարողանան ծանոթանալ, տեղեկանալ համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվել սեփական փորձով, ձեռնարկել համատեղ քայլեր համայնքների ամրապնդման ուղղությամբ", - ավելացրեց նա:

Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահը, ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն տարատեսակ դասընթացներ, սեմինարներ, մրցույթներ, բանավեճեր, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների և հաջողակ կանանց հետ, ովքեր կներկայացնեն իրենց փորձը:

"Այս ծրագիրը կավարտվի 2011 թ.-ի հունիսին, սակայն ծրագրվում է այն շարունակել, քանի որ հաջորդ փուլերում նախատեսվում է ծրագրեր իրականացնել համայնքներում, ներգրավել ավելի մեծ թվով աղջիկների, ինչպես նաև խրախուսել միջհամայնքային և միջմարզային բնույթի տարբեր միջոցառումներ",- նշեց նա:

""Աղջիկների երկիր" շարժման հիմնադրումը Հայաստանում" ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատա ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցությամբ:
Share |

Կարդացեք այս բաժնում