ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ձմեռային ճամբար` 13-18 տարեկան աղջիկների համար

12/01/2011
   
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հունվարի 14-23-ը Ծաղկաձորում 13-18 տարեկան աղջիկների համար կազմակերպելու է ձմեռային ճամբար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ ճամբարը կազմակերպվելու է ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքով, այս ծրագիրն իրականցվում է Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ, որին ֆինանսապես աջակցում է ԱՄՆ դեսպանությունը:

Ճամբարին մասնակցելու համար հանրապետության տարբեր մարզերից ներկայացվել է 230 հայտ, որոնցից ընտրվել է 77-ը:

«Հիմնականում ընտրվել են այն աղջիկները, ովքեր ցանկանում են տիրապետել առաջնորդական հմտություններին, ցուցաբերել են ակտիվ մասնակցություն իրենց համայնքներում »,-ասաց Լ. Ասատրյանը:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը նշեց, որ ճամբարի մասնակիցներին կտրամադրվեն գիտելիքներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության և այլ թեմաներով: Նա հայտնեց, որ 10 օրերի ընթացքում ճամբարում կկազմակերպվեն բանավեճեր, մրցույթներ, խաղեր և հետաքրքիր միջոցառումներ:

Հունվարի 20-ին Ծաղկաձորում նախատեսվում է կազմակերպել հանդիպում ճամբարի մասնակիցների և մի խումբ նշանավոր կանանց հետ:

Բանախոսը նշեց, որ կանանց խումբը բաղկացած է լինելու պետական, միջազգային, հասարակական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներից:

«Կանայք իրենց մասնագիտական փորձով և խորհուրդներով կիսվելու են ճամբարի մասնակից աղջիկնրի հետ»,-ասաց Լ. Ասատրյանը:

««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում ճամբարի մասնակիցները պետք է ճամբարից ավարտից հետո ծրագրեր իրականացնեն իրենց համայնքներում, ընդգրկեն ավելի մեծ թվով աղջիկների:


Աղբյուր` Panorama.am
Share |

Կարդացեք այս բաժնում