tert.am
Արևելյան գործընկերության շրջանակներում, «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»՝ Ուկրաինայի և Վրաստանի մշակութային կազմակերպությունների հետ համատեղ, իրականացնում է մշակութային ուղղվածություն ունեցող՝ «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագիրը կրող միջոցառումը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրենց ծրագրերը ներկայացրեցին կազմակերպիչները:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը ասաց, որ ծրագրի հիմնական նպատակները երկուսն են. առաջինը՝ նպաստել թանգարանների և հասարակական կազմակերպությունների համագործակցության խթանմանը, որը շատ կարևոր է, և երկրորդ՝ ծրագրի շրջանակներում խրախուսել նորարարական մոտեցումներն ու ծրագրերը՝ թանգարանային ոլորտի զարգացման ուղղությամբ:
«Թանգարանները թվում են մի տեսակ ավելի կայուն, ստատիկ մոտեցում ունեցող վայրեր, բայց այսօր աշխարհում կան բազմաթիվ փորձեր, որոնք թույլ են տալիս արդեն մտածել այն ուղղությամբ, որ թանգարանը ինքը ստատիկ ինչ-որ տարածք չէ, որտեղ կան ինչ-որ ներկայացումներ, այլ այն կարող է լինել շատ լավ հարթակ ոչ ֆորմալ կրթության համար, մասնավորապես՝ երիտասարդների համար»,- ասաց Լիլիթ Ասատրյանը:
Հասարակական կազմակերպությունների անելիքներն այս ծրագրում Լիլիթ Ասատրյանը բացատրեց հետևյալ կերպ. նրանք հնարավորություն ունեն ներգրավել շատ երիտասարդների և կարող են աջակցել ծրագրին ֆինանսական կողմի ապահովմամբ:
«Ծրագիրը ունի մի քանի բաղադրիչ, մասնավորապես՝ դասընթացները, որոնք կիրականացվեն Հայաստանի Հանրապետության ՀԿ-ների մի խմբի և թանգարանների համար, որոնց նպատակն է հնարավորություն տալ գտնելու, ձևավորելու թանգարանների և ՀԿ-ների միջև նոր համագործակցության եզրեր: Այստեղ կարող են մասնակցություն ունենալ զբոսաշրջային ընկերությունները, քանի որ թանգարանները, բնականաբար, երկրի տուրիզմի զարգացման հիմնական հայեցակարգի մեջ ներառված են: Ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը այն ֆորմատի դասընթացներն են, որոնք տվյալ երկրի ներկայացուցիչների համար փորձի փոխանակման հնարավորություն են տալիս: Սա փորձի փոխանակման, մեր մշակույթը դրսում ցուցադրելու շատ լավ հնարավորություն է»,- ասաց Լիլիթ Ասատրյանը:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից են նաև դրամաշնորհները, որոնք հատկացվելու են թանգարանային հաստատություններին` թանգարաններում լրացուցիչ, ինտերակտիվ ծրագրեր իրականացնելու նպատակներով:
Ծրագրի շրջանակներում Հայաստանում է նաև Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության նախագահ Ալյոնա Աֆանասևան, ով ասաց, որ ընտրված երեք երկրներում շատ հետաքրքիր թանգարաններ կան, որոնք ուղղված են միայն զբոսաշրջիկներին, այլ ոչ տեղացիներին. «Բոլոր երեք երկրներում իրավիճակը շատ նման է, և մենք չենք սխալվել այս երկրների ընտրության հարցում: Թանգարանը պետք լինի ոչ միայն արխիվ, որտեղ պահվում են հազվագյուտ իրեր, այլև մշակութային կենտրոն: Այս երկու բաղադրիչները՝ ինչպես օգնել թանգարանին դառնալ ավելի հայտնի, և միաժամանակ չմոռանալ, որ թանգարանը պետք է պետքական լինի տեղացիներին. եթե հաջողվի հասնել նման արդյունքի, ավելի հեշտ կլինի հասնել այդ թանգարանների աջակցությանը»,- ասաց Ալյոնա Աֆանասևան:
Ծրագիրը աջակցություն է ստանում Մշակույթի նախարարության կողմից, որը օգնում է ծրագրի մասին տեղեկատվությունը թանգարաններում տարածելու և մասնակիցներ ապահովելու ուղղությամբ: Նախարարությունը ծրագրում ֆինանսական մասնակցություն չունի: Դրամաշնորհները Արևելյան գործընկերության շրջանակներում են: Դրանց չափը նույնն է բոլոր երկրների համար` 2000-10000 եվրո` յուրաքանչյուր նմանատիպ ծրագրի համար: Գումարի տրամադրումը կախված է նրանից, թե ինչ չափի ծրագիր է իրականցավում:
Ծրագիրը մեկնարկել է այս տարվա սկզբին և կավարտվի հաջորդ տարվա դեկտեմբերին: Ըստ կազմակերպիչների՝ այն մեծ ներդրում կունենա մեր երկրում մշակույթի տարածման, խրախուսման, թանգարանները հասարակության ավելի լայն շերտերին մոտեցնելու համար:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն