ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա" հասարակական կազմակերպությունն իրականացնում է ""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը` հավելելով, որ ծրագրում ընդգրկված են 13-18 տարեկան աղջիկներ: "Մեր հիմնական նպատակն է մեր երկրում կրթել պատասխանատու քաղաքացիներ",- ասաց Լ. Ասատրյանը: ""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում 2011 թ. հունվարի 14-23-ը Ծաղկաձորում կկազմակերպվի ձմեռային ճամբար: Ճամբարի մասնակիցներին կտրամադրվեն գիտելիքներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության եւ այլ թեմաներով:
Ծրագիրը 2010թ. սեպտեմբերին է մեկնարկել, սակայն առաջին երեք ամիսները նախապատրաստական աշխատանքներ են եղել. բուն ծրագիրը կմեկնարկի հունվարի 14-ին: Այն տեւելու է մինչեւ հունիս: Ձմեռային ճամբարին մասնակցելու համար ընտրվել են 7-ական մասնակից յուրաքանչյուր մարզից` թվով 77 մասնակից, ովքեր ընտրվել են 230 հայտատուներից: Լ. Ասատրյանի խոսքով` նման ակտիվություն իրենք չէին սպասում:
Ընտրության ժամանակ հաշվի են առնվել դիմորդների լրացրած հայտերը, որոնք իրենց մեջ պարունակել են հոգեբանական հարցեր: "Եղել են դեպքեր, երբ զգացվել է մեծահասակի մասնակցություն հայտի լրացմանը, ուստի նման հայտերը միանգամից բացառվել են, թեեւ դա չի նշանակում, որ այդ դիմորդը զրկվել է հետագա մասնակցության իրավունքից",- ասաց Լ. Ասատրյանը` շեշտելով, որ ծրագրում ընդգրկվելու համար գերազանց առաջադիմությունը պարտադիր պայման չէ:
Հունվարի 20-ին նախատեսված է հանդիպում 77 ճամբարականների եւ կյանքում դիրքի հասած, նշանավոր կանանց հետ: Դա, ըստ Լ. Ասատրյանի, խթան կդառնա մասնակիցների հետագա գործունեության եւ ակտիվության համար: Այս նախաձեռնության մեջ կարեւոր է նաեւ մարզերի միջեւ կապերի ակտիվացումը մասնակիցների միջոցով: Ծրագիրը, ըստ նրա, շարունակական է լինելու. յուրաքանչյուր տարի ընդգրկվելու են նոր աղջիկներ:
Հաջորդ փուլերում մասնակիցները պետք է ծրագրեր իրականացնեն իրենց համայնքներում: Սեպտեմբերին ճամբարի մասնակիցների մի մասի համար Երեւանում կկազմակերպվի կլոր-սեղան- հանդիպում քաղաքական գործիչների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ ճամբարականները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Լ. Ասատրյանն ասաց, որ ճամբարը մի քայլ է դեպի կնոջ դերի բարձրացումը մեր երկրի հասարակական կյանքում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն