ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում մեր երկրում»

28/04/2016
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը մոտենում է ավարտին: Այսօր ծրագրի ամփոփման կոնֆերանսի ժամանակ կազմակերպիչները կիսվեցին արդյունքներով եւ ձեռքբերումներով:

Նախքան կոնֆերանսի մեկնարկը ծրագիրն իրականացնող՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց.
«Մենք այսօր մեծ կարիք ունենք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք միտված են կանանց սոցիալական եւ տնտեսական հզորացմանը: Կանայք, լինելով մեր երկրի բնակչության կեսից ավելին եւ ունենալով շատ մեծ ներուժ, ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ բնատուր, այսօր այդ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում մեր երկրի զարգացման գործում: Նմանատիպ ծրագրերը, բնականաբար, խթանում են դա, նաեւ նպաստում որոշակի առումով հասարակական կարծիքի փոփոխությանը, որ կանայք, ինչպես կարող են ընտանիքներում լինել կատարյալ, այնպես էլ կարող են կատարյալ լինել եւ պատասխանատվություն կրել երկրի տարբեր մակարդակներում»:

Մեր հարցին, թե ծրագրի իրականացման համար ինչու է ընտրվել հենց Լոռու մարզը, Լիլիթ Ասատրյանը պատասխանեց.
«Ծրագրի նախագծման փուլում Լոռու մարզը այն համայնքն էր, որտեղից միգրացիայի տեմպերը ամենաբարձրն էին մեր երկրում: Իհարկե, չենք կարող ասել, որ մյուս մարզերում դրանք ցածր են, բայց համեմատական առումով այդպես է: Մյուսը նաեւ կանանց գործազրկության մակարդակը, որը դարձյալ մարզում բավականին բարձր էր: Սա նպաստեց նրան, որ կարիքների գնահատման փուլում ծրագիրը նախագծվի Լոռու մարզի համար»,-ասաց նա՝ հավելելով, որ նման ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն կա անխտիր բոլոր մարզերի եւ համայնքների համար:

Կոնֆերանսին ներկա էր նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն, ով ողջունեց ներկաներին՝ նշելով.
«Երեք տարի առաջ, երբ ներկայացվեց ծրագիրը, անկեղծ ասած, իմ մեջ կասկածելի հարցեր կային, բայց ծրագրի իրականացման առաջին ամիսներից այդ կասկածները ոչ միայն վերացան, այլեւ այն սպասելիքները, որ մենք ունեինք, գերազանցվեցին: Մեր գյուղական համայնքներում արմատական փոփոխություն է կատարվել ծրագիր շնորհիվ»:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է 2013 թվականի մայիսից՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրում ներառված էր Լոռու մարզի 55 համայնք: Ծրագրի շնորհիվ 38 բիզնես նախագիծ ստացել է դրամաշնորհ, որոնցից 30-ը սկսնակ ձեռներեցներ են: Դրամաշնորհները տրամադրվել են գյուղատնտեսության, առողջապահության, արտադրության, տուրիզմի, մշակույթի ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկություններին:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում