Women Entrepreneurs Network in Armenia

Ամանորյա բարեգործական տոնավաճառ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում

15/12/2015
Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել էր ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառ, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն էին ներկայացրել ՀՀ մարզերի կին արտադրողները, սիրիահայ կանայք, միջազգային կառույցներ: Բարեգործական ծրագրին մասնակցում էին նաև դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնեց շարունակելու ցուցաբերվող աջակցությունը:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին մշտապես իրենց կողքին լինելու և բարեգործական ծրագրերին օժանդակելու համար:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրերով, անցկացվեցին նաև վարպետաց դասեր: Նշենք, որ վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section