Երևանի քաղաքապետարանում այսօր բացվեց բարեգործական տոնավաճառը՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին, որը կտևի այսօր մինչև ժամը 18:00-ն: Տոնավաճառը կազմակեպվել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: Նշենք, որ ՀԵԿԱ-ն նման միջոցառումներ է կազմակերպում սկած 2010 թ-ից՝ ամեն տարի 2-3 անգամ:
Ինչպես նշեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ այս միջոցառման նպատակն է մեր երկրում խրախուսել արտադրողներին, հնարավորություն տալ քաղաքացիներին ներկայանալ իրենց արտադրանքով կամ ծառայություններով և, արդյունքում, հանգանակված դրամական միջոցներն ուղղել ՀԵԿԱ-ի ծրագրերի իրականացմանը. «Այս տարի գումարներն ուղղվելու են մարզերում կանանց շրջանում ձեռներեցության խրախուսմանը: Մենք փորձելու ենք այն, ինչ իրականացնում ենք, հիմա ավելի տարածել և ընդլայնել, տրամադրել տարբեր աջակցություններ կանանց՝ իրենց բիզնեսը սկսելու համար»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին, որը միշտ կանգնած է ՀԵԿԱ-ի գաղափարների իրականացման կողքին:
Տոնավաճառին ներկայացված է ավելի քան 80 մասնակից՝ արտադրողներ, վարպետներ ոչ միայն Երևանից, այլև տարբեր մարզերից, սիրիահայեր, միջազգային, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Արգենտինայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Լիտվայի դեսպանատները:
Ինչպես նշեց ՀԵԿԱ նախագահը միջոցառման մասնակցույթունը լավ է գնահատում՝ հաշվի առնելով, որ միջոցառման բացումը հայտարարված էր ժամը 10-ին, բայց դեռ ժամը 10-ը չկար ու արդեն կային այցելուներ:
Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀԿ-ներն անհրաժեշտություն են մեր երկրում, սակայն կան կազմակերպություններ, որոնք իրենց տարիների գործունեության մեջ ահռելի դերակատարություն են ունեցել նաև սոցիալական ոլորտում և դրանցից մեկն էլ ՀԵԿԱ-ն է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ներկաներին, բոլոր մասնակիցներին՝ նրանց մաղթելով տոնական տրամադրություն և հաղորդելով Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը, որ յուրաքանչյուր գեղեցիկ նախաձեռնության պատրաստ ենք աջակից լինել»,-ասաց փոխքաղաքապետը՝ ձեռներեցներին մաղթելով հաջորդ տարի առավել մեծ հնարավորություններ և ներդրած ջանքերի արդյունավետություն:
Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ՝ նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Նշենք, որ տոնավաճառի ընթացքում կկազմակերպվի մշակութային ծրագիր՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ, մանկական անկյունով, ծաղրածու և Ձմեռ պապով, ինչպես նաև կանցկացվի վիճակահանություն, որտեղ կխաղարկվեն բազմաթիվ նվերներ:
ԱՂԲՅՈՒՐ