Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Բարեգործական ծրագրին մասնակցում են նաեւ դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները: Տոնավաճառին մասնակցել են նաեւ սիրիահայ կանայք:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել, ապա տաղավարներում շրջել եւ վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն ծանոթացել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը կարեւորել է նմանօրինակ նախաձեռնությունները եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու ցուցաբերվող աջակցությունը:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտապես իրենց կողքին լինելու եւ բարեգործական ծրագրերին օժանդակելու համար:
Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Անցկացվել են նաեւ վարպետաց դասեր:
Տոնավաճառի մուտքն ազատ է: Նշենք, որ ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:
ԱՂԲՅՈՒՐ