2013թ. մայիսի 10-18-ն Օդեսա քաղաքում «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում անցկացվեց 4-րդ մշակութային աշխատաժողովը, որին մասնակցում էին ստեղծագործ երիտասարդներ` Հայաստանից, Ուկրաինայից և Վրաստանից: Աշխատաժողովի արդյունքները հանրությանը ներկայացվեցին մայիսի 18-ին` «Թանգարանային գիշերվա» միջոցառումների շրջանակներում, Ա. Բլեշչունովի անվան անձնական հավաքածուի թանգարանում:
Աշխատաժողովի թեման էր կոլաժը, որն արվեստի ամենագլոբալ և կոնցեպտուալ թեմաներից մեկն է: Թեմայի ընտրության վրա մեծապես ազդել է Սերգեյ Փարաջանովի կերպարը, ով համարվում է կոլաժի խոշորագույն վարպետներից մեկը: Խորհրդանշական է նաև այն փաստը, որ մշակութային աշխատաժողովի մասնակիցների խումբը բաղկացած էր հայերից, վրացիներից և ուկրաինացիներից, իսկ բոլորին հայտնի է, որ Փարաջանովը, ազգությամբ լինելով հայ, ծնվել է Վրաստանում և որոշ ժամանակ ստեղծագործել Ուկրաինայում:
Մշակութային աշխատաժողովն անցկացվեց Ա. Բլեշչունովի անվան անձնական հավաքածուի թանգարանում, որի հավաքածուն առանձնանում է տեխնիկաների, նյութերի, ոճերի ու թեմաների բազմազանությամբ և նման է կոլաժի` աշխարհի բոլոր անկյուններից մեկ մարդու կողմից հավաքված և ամփոփված մի տեղում` թանգարանի սրահներում:
Թանգարանը ժամանակին եղել է Ա. Բլեշչունովի բնակարանի մաս, որը հավաքածուի հետ նրա կողմից 1989թ. նվիրաբերվել է Մշակույթի սովետական հիմնադրամին, ինչն էլ հիմք է հանդիսացել թանգարանի հիմնադրման համար: Թանգարանում ցուցանմուշները դասավորված են աշխարհագրական սկզբունքով` տարբեր անվանումներ կրող սրահներում`«Ռուսական հնություն», «Բուդդայական արևելք», «Արևմտյան Եվրոպա», «Մուսուլմանական արևելք», «Ուկրաինական սրահ», «Օդեսա», «Քրիստոնեություն», «Բլեշչունովի հիշատակի սրահ» և այլն:
Առաջադրանքները մտածված էին սրահների թեմաներին համապատասխան: Առաջին հանձնարարությունը կապված էր արևմտաեվրոպական արվեստի սրահի հետ և կոչվում էր «Նոր սյուժե»: Մասնակիցները 18-19-րդ դարերի եվրոպական արվեստի ցուցանմուշները հանեցին իրենց հիմնական ենթատեքստից և տեղափոխեցին մի ուրիշ միջավայր` հաղորդելով նոր իմաստ, ստեղծելով նոր սյուժե: Օրինակ` Բլեշչունովի հավաքածուի «հին ծանոթները» շրջում էին Օդեսայում 5-րդ համարի տրամվայով (Նինո Լոմսաձե, Վրաստան) կամ զբոսնում էին Օդեսայի ծովափում (Յուլիա Պլևակո, Ուկրաինա), որոշ հերոսներ վերածվել էին Հայաստանի ներկայացուցիչների` 40 տարի անց (Արմենակ Գրիգորյան, Հայաստան), մյուս աշխատանքներում նրանք բարձրաձայնում էին սուր սոցիալական խնդիրներ (Լիլիթ Շահմուրադյան, Հայաստան) կամ քննարկում արվեստում ավանգարդի թեման (Վահե Բուդումյան, Հայաստան):
Բլեշչունովի սրահը ոգեշնչեց մասնակիցներին ստեղծելու կոլաժ` մարդու ֆիգուրի ներառումով: Նկարիչների 6 բազմազգ խումբ ստեղծեցին 6 կոլաժներ`ալպինիզմի հետ կապված հետևյալ 6 հասկացությունների շուրջ` ուղի, բարձրություն, փոթորիկ, ռիսկ, հաղթահարում և հաղթանակ:
Կանացի սրահի համար նախատեսված թեմայով աշխատանքների մեջ ամենազգացմունքայինը տղաների աշխատանքներն էին` «Իմ գլուխը դառնում է ծաղկաման» (Արսեն Նավասարդյան), «Նրա համար» (Անտոն Կռիժանովսկի), «Մելանխոլիա» (Իրակլի Տոկլիկիշվիլի):
Չինական սրահում, առավել ակնառու կերպով ցույց տալու համար մինչ տեխնիկական հեղափոխությունն ընկած ժամակաշրջանի Չինաստանի, այսինքն` արհեստագործական Չինաստանի և ժամանակակից Չինաստանի միջև հակասությունը, մասնակիցներն օգտագործեցին չինական` էժան, անորակ և պլաստմասսե խաղալիք բուլավաներ: Նկարիչներն այդ բուլավաները վերածեցին արվեստի գործերի` ստիպելով մտածել արժեքավոր արհեստների և մասնագիտությունների շուրջ: Մասնակիցների աշխատանքի արդյունքում բուլավաները վերածվեցին այս կամ այն արհեստն ու մասնագիտությունը կրող կերպարի` ճարտարապետ (Անա Գրիգոլիա, Վրաստան), նկարիչ Յոզեֆ Բոյս (Վահե Բուդումյան, Հայաստան), ռազմական բուժքույր (Ալյոնա Լեբեդևա, Ուկրաինա), վաճառող (Միրիան Չանկվետաձե, Վրաստան), խաղացող (Արմենակ Գրիգորյան և Սարգիս Հովհաննիսյան):
Քանի որ Ուկրաինան հայտնի է իր հարուստ խոհանոցով, ուստի Ուկրաինական սրահի թեմայի շրջանակներում մասնակիցները ստեղծեցին արվեստի գործեր` օգտագործելով ուկրաինական ազգային զարդանախշը և այն ազգային ուտեստները, որոնք մտնում էին մշակութային աշխատաժողովի խմբի համար կազմված ճաշացանկի մեջ (Մարգարիտա Բեգլարյան` ասեղնագործական նախշազարդ, Հայկուհի Մինասյան` զարդանախշ եռյակ, Միրիան Չանկվետաձե` «Պարիսպ», Անա Գրիգոլի` «Ծաղիկ» և այլն):
Եվ վերջապես, ամենադիտարժան և խորհրդանշական մասը Օդեսայի սրահի կոլաժներն էին: Կա Ա. Բլեշչունովի թանգարանի հետ կապված մի պատմություն, համաձայն որի` Չինական սրահի ամենագեղեցիկ և յուրօրինակ վարագույրներից մեկը Ա. Բլեշչունովը գտել է Օդեսայի շուկայում. մսավաճառը դրա վրա ձուկ էր կտրատում: Որպես կոլաժի հիմք` ընտրվեցին մթերքների կտրատման ժամանակակից խոհանոցային տախտակները` ի հիշատակ Ա. Բլեշչունովի յուրօրինակ գտածոյի: Նկարիչներն Օդեսայի հնավաճառների շուկայից հավաքեցին տարբեր մանրուքներ` հին նկարներ, բանալիներ և այլ իրեր, և նրանցից յուրաքանչյուրը փորձեց ստեղծել իր Օդեսան` խոհանոցային տախտակի և հավաքած իրերի համադրությամբ: Կոլաժների ցուցադրության շրջանակներում յուրաքանչյուր այցելուի հնարավորություն էր տրվում մասնակցելու վարպետության դասի և ստեղծելու իր կոլաժը խոհանոցային տախտակի վրա:
Ցուցահանդեսը դրական գնահատվեց այցելուների կողմից, քանի որ մասնակիցները կատարեցին իրենց առջև դրված գլխավոր խնդիրը` նորովի ներկայացնելով թանգարանի հանրահայտ հավաքածուն: Բոլոր այցելուները նշեցին, որ խմբի կողմից արված աշխատանքների շնորհիվ նրանք սկսեցին նկատել այնպիսի մանրուքներ, որոնք դեռևս չէին նկատել մինչ այս նոր ցուցադրությունը: Հայտնի համադրող և արվեստի քննադատ Միխայիլ Ռաշկովեցկին այնքան բարձր գնահատեց երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները և դրանց համապատասանությունը թանգարանային ստանդարտներին, որ թանգարանին առաջարկեց մշտական հավաքածուի մեջ ներառել նվազագույնը 6 կոլաժ:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրն իրականանում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակներում, Հայաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ)` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի և «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և Վրաստանում` «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի հիմնական նպատակներն են` ավանդական մշակութային ժառանգության հիման վրա խրախուսել և տարածել մշակութային և ստեղծարար նորարար լավագույն օրինակները, ինչպես նաև թանգարանների հետ համագործակցության գործընթացում ընդգրկել հասարակական կազմակերպություններին, ստեղծագործ միավորումներին և անհատ հեղինակներին` թանգարաններին նոր կյանք հաղորդելու, նոր այցելուներ ապահովելու և հանրության համար ավելի բաց ու գրավիչ դարձնելու համար:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope