Women Entrepreneurs Network in Armenia

Rafting on Debed. new rallies start in Armenia for extras

22/06/2018
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել են Հայաստանի համար համեմատած նոր զբոսաշրջային նախագծի գործարկման մասին. այսուհետ Լոռու մարզում` Դեբեդ գետի վրա, կանոնավոր կերպով ռաֆթինգ–տուրեր կանցկացվեն։

«Շատ կարևոր նախագիծ է, քանի որ զբոսաշրջության զարգացումը առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար։ Ռաֆթինգ–տուրերը, բացի ամենից, կոչված են դիվերսիֆիկացնել և ապակենտրոնացնել Հայաստանում զբոսաշրջությունը։ Նախագիծը կխթանի տարածաշրջանային և ագրո զբոսաշրջությունը։ Բացի այդ, Հայաստանն այս նախագծի շնորհիվ ավելի մրցունակ կդառնա տարածաշրջանում», – լրագրողներին ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին նշեց, որ ռաֆթինգ–տուրերի անցկացման ծրագիրն արդեն մոտ մեկ տարի է ինչ մշակվում է։

Նա պատմեց, որ Հայաստանի համար սա նոր զբոսաշրջային պրոդուկտ է, որն արժե զարգացնել։ Լրագրողների և ոլորտի պրոֆեսիոնալների համար ճանաչողական տուր կանցկացվի հունիսի 26-ին, իսկ հունիսի 27-ից ամենօրյա տուրեր կկազմակերպվեն բոլոր ցանկացողների համար։

«Ինչպես հայտնի է, ռաֆթինգը բավական զարգացած է հարևան Վրաստանում, և տուրերի իրականացման ժամանակ մենք համագործակցում ենք Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի հետ, որը մեր հիմնական գործընկերներից մեկն է։ Արդեն պայմանավորվածություններ կան համատեղ միջոցառումներ և մրցումներ անցկացնելու վերաբերյալ», – պատմեց Ասատրյանը։


Նրա խոսքով` տուրերի մասին ողջ անհրաժեշտ տեղեկությունը կարելի է ստանալ ռաֆթինգի Facebook–յան էջում և Rafting.am կայքում։

Ասատրյանն ավելացրեց, որ ռաֆթինգի Հայաստանի թիմը մտադիր է հայտ ներկայացնել տարածաշրջանային և միջազգային մրցումներին մասնակցելու համար։

Միևնույն ժամանակ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանն ավելացրեց, որ շուտով նաև այլ զբոսաշրջային ծրագրեր կներկայացվեն ՀՀ Լոռու մարզում։

Հայաստանում ռաֆթինգ–տուրերն անցկացվում են ՄԱԿ–ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է զարգացնել զբոսաշրջությունը 60 գյուղական համայնքներում։ 3 մլն դոլար արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության կողմից։

Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Զբոսաշրջության պետական կոմիտեն։
Share |

Read in this section