Դեբեդը հրավիրում է ռաֆթինգով զբաղվելու
22/06/2018
|
|
|
|
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ազդարարվեց rafting.am ծրագրի մեկնարկը եւ հայտարարվեց ռաֆթինգի կանոնավոր տուրերի իրականացման մեկնարկի սկիզբը Դեբեդ գետում: ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ասաց. «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում մի նոր զբոսաշրջային արդյունք է ձեւավորվել՝«Ռաֆթինգ Դեբեդ գետում»: Դա նախ բխում է հայկական զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման, զբոսաշրջությունը դեպի հանրապետության տարբեր մարզեր ապակենտրոնացման, գյուղական զբոսաշրջության զարգացմանը նպաստելու պետական քաղաքականության խնդիրներից, որն իրականացվում է պետական գերատեսչությունների, հասարակական տարբեր կազմակերպությունների եւ անհատների սերտ համագործակցությամբ: Այսպես` մեր ռեսուրսներն օգտագործելով՝ հայկական զբոսաշրջության արդյունքը թե ներքին, թե միջազգային զբոսաշրջության շուկայում դառնում է շատ ավելի մրցունակ»: ՄԱԾԶ Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի համակարգող Արման Վալեսյանն իր խոսքում նշեց, որ գրեթե մեկ տարի համատեղ աշխատել են ծրագրի վրա եւ դրա իրականացումը շատ կարեւոր հանգամանք է, քանի որ Ինտեգրված գյուղական զրոսաշրջության զարգացում ծրագրի ամենակարեւոր խնդիրներից է՝ խթանել Հայաստանի մարզերում զբոսաշրջությունը, այդպիսով ստեղծելով այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար: «Մեր առաջնային նպատակներից է զբոսաշրջիկներին բերել մարզեր եւ նմանատիպ զբոսաշրջային պրոդուկտների միջոցով ցույց տալ, որ նրանք իրենց հանգիստը կարող են անցկացնել նաեւ Երեւանից դուրս: Կատարվել է շատ մեծ հետազոտություն եւ հավաքվել 950-ից ավելի գյուղերի տվյալներ, որոնք թվայնացված են: Աշխատանքների առաջին արդյունքը այսօր ձեզ ներկայացվող ռաֆթինգ ծառայություններն են»: Իր հերթին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց. «Ռաֆթինգը որպես զբոսաշրջային ապրանք նորություն է մեր երկրի համար եւ շատ կարեւոր է, որպեսզի տարածաշրջանային տուրիզմի ոլորտում եւս Հայաստանը անմասն չմնա: Մեր ասոցիացիան այս ծրագրի շրջանակներում համագործակցում է Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի հետ: Վրաստանում ռաֆթինգը շատ զարգացած է: Արդեն պայմանավորվածություններ ունենք համատեղ միջոցառումներ, մրցաշարեր կազմակերպելու: Ռաֆթինգի հայկական թիմը, որ արդեն կա, մտադիր է առաջիկայում միջազգային եւ տարածաշրջանային միջոցառումներին մասնակցելու համար հայտ ներկայացնել: Մեր ծրագրի առանձնահատկություններից մեկը նաեւ այն է, որ Հայաստանում երիտասարդ կանանց ասոցիացիան է ներկայացնում այս ծրագիրը, բայց մենք իսկապես սա կարեւորում ենք: Մյուս առանձնահատկությունը, որ ուզում եմ ներկայացնել, հետեւյալն է. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, սակայն որպես սոցիալական ձեռնարկություն սա առաջինն է եւ մեր պատասխանատվությունը շատ ավելի մեծանում է, ինչը նշանակում է, որ շահույթը ոչ թե անհատին կամ հիմնադիր կազմակերպությանն է գալիս, այլ մեր կազմակերպությունն այդ շահույթն ուղղում է մեր երկրում կանանց եւ ընտանիքների հիմնախնդիրների լուծմանը տարբեր ծրագրեր իրականացնելու միջոցով: Մենք ծրագրի մեկնարկը հայտարարում ենք հունիսի 26-ին, իսկ հաջորդ օրվանից բոլոր ցանկացողները կարող են օգտվել բազմաթիվ փաթեթներից: Այնպես որ, կոչ կանեմ՝ էքստրիմի սիրահարները, որոնք կցանկանան օգտվել մեր այս ծառայություններից, նաեւ գիտակցեն, որ իրենց վճարած գումարը ծառայելու է նաեւ լրացուցիչ այլ խնդիրների լուծմանը եւ տարբեր արժեշղթաների ձեւավորմանը նաեւ Հայաստանի տարբեր վայրերում»: