ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀՀ նախագահը կլինի կի՞ն

12/01/2011
   
Հունվարի 14-ից 23-ը հանրապետության ողջ տարածքից 13-18 տարեկան 77 աղջիկներ Ծաղկաձորում կմասնակցեն ձմեռային ճամբարին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա" հ/կ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ճամբարն իրականացվում է "Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում:

"Ծրագիրն ունի մեկ ընդհանուր նպատակ` ՀՀ-ում կրթել, դաստիարակել պատասխանատու մարդկանց: Նրանց պետք է տեղեկացնել ոչ միայն իրենց իրավունքների, նաև պարտականությունների մասին: Մասնակիցների մեջ պետք է նաև սեր արթնացնել սեփական երկրի նկատմամբ",- բացատրեց բանախոսը:

Համաձայն նրա` յուրաքանչյուր մարզից ընտրվել է 7 մասնակից, իսկ 77 մասնակիցներն ընտրվել են 230 հայտատուներից: Աղջիկները, ինչպես հավաստիացրեց Լիլիթ Ասատրյանը, ընտրվել են մրցույթով` պատասխանելով հիմնականում հոգեբանական հարցերի:

Նա տեղեկացրեց, որ ճամբարում հանդիպումներ կկազամակերպվեն տարբեր ոլորտներ ներկայացնող և հաջողության հասած կանանց հետ: Ծրագրի հաջորդ փուլերում, համաձայն Լիլիթ Ասատրյանի` ճամբարի մասնակիցները պետք է ծրագրեր իրականացնեն իրենց համայնքներում, ընդգրկեն ավելի մեծ թվով աղջիկների, նաև կխրախուսվեն միջհամայնքային և միջմարզային նախաձեռնությունները:

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և ԿԳ նախարարության հետ գործակցությամբ:

"Mardik.am"-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել այժմ իրականացնել ծրագիրը, ասոցիացիայի նախագահն ասաց. "Ծրագիրը վաղուց ունեինք, ուղղակի չկար ֆինանսավորում":

Նա հավելեց, որ այս ծրագիրը մեկնարկվել է նախորդ տարվա սեպտեմբերին, տևելու է մինչև հունիս և լինելու է շարունակական: "Այս նաև լավ առիթ է, որպեսզի բոլոր մարզերի հասակակից աղջիկներն իրար հետ լինեն շփման մեջ",-ասաց Լիլիթ Ասատրյանը:

Mardik.am-ի թղթակիցը դարձյալ հետաքրքրվեց, թե ասոցիացիայի գործունեության արդյունքում հնարավո՞ր է մի քանի տարի անց ՀՀ նախագահը լինի կին, բանախոսը պատասխանեց. «Պետք է գիտակցել, որ մեր հասարակությունը մի մեծ ընտանիք է, իսկ ընտանիքում մեծ դեր է տրվում կնոջը: Իսկ ինչո՞ւ մեր հասարակության մեջ չի կարող կինը կարևոր պաշտոններ զբաղեցնել»:

Նա հավաստիացրեց, որ հ/կ-ի կարևորագույն նպատակներից է բոլոր ոլորտներում ներգրավվել նաև կնոջը:

"Ինչո՞ւ չէ` նաև քաղաքականության մեջ",-եզրափակեց նա:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում